38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սերո Խանզադյանի հիշատակի օրն է

Սերո Խանզադյանի հիշատակի օրն է
26.06.2024 | 20:29

«Քիչ բան եմ հիշում ես իմ դառն ու տխուր մանկությունից։ Ասես երազի մեջ միտս է գալիս մեջքը կորացած, կծկված տատս, նրա թևերի սուրմաները, կարմիր մահուդե գոտին։ Հիշում եմ մազը թափված մեր պառավ շանը, մեր չալ կատվին, որ ծտեր ու ծիծեռնակներ էր բռնում ու մտնելով հին կարասի հետևը` մռմռալով լափում»,- վաղ մանկության պատկերներն այսպես է վերակենդանացրել արձակագիր Սերո Խանզադյանը։

Դաշնակցական հայրը՝ Նիկոլայը, ձերբակալվել է։ Նրա ձերբակալությունից հետո ընտանիքն այլևս ոչ մի լուր չի ստացել՝ թաքուն հույս փայփայելով, թե նա դեռ ողջ է։ Տարիներ անց միայն Սերո Խանզադյանին հաջողվել է պարզել, որ հորը ձերբակալությունից օրեր անց գնդակահարել են Երևանի բերդի մոտ՝ Հրազդան գետի կիրճում։ Սերոն շատ ուշ իմացավ, թե ինչքան դաժան է խորհրդային բռնակարգը վարվել իր ընտանիքի հետ, մինչ այդ նա նվիրված էր այդ հսկայական երկրին, և երբ պայթեց պատերազմի բոթը, նա դարձավ առաջին զինվորագրվողներից մեկը։

1941 թվականին հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենիգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել է կապիտանի կոչմանը։

«Պատերազմից հետո եմ ես բնակություն հաստատել քաղաքում: Պատերազմից բերել եմ մի խլացած ականջ, երկու շքանշան և ... բեղերս ... Ինչպես մտերիմներս ու բարեկամներս են վկայում, իմ բեղերը «միանգամայն օրիգինալ» բաներ են:

Քաղաքն ինձ ճանաչել է նախ և առաջ իմ բեղերով:

Դե բեղեր են, է՜լի: Ես դրանք միայն մեկ-մեկ եմ տեսնում, այն էլ, պարզ է, հայելու մեջ: Իսկ ուրիշները երևի ամեն օր ու չեն էլ ձանձրանում:

Վերջերս էր: Իմ անփոփոխ վարսավիր «ուստան» չափից ավելի եռանդ գործադրեց իր ասելով «զագրանիչնի մոդայով» ձևավորելու իմ բեղերը:

- Վարսավիրը պետք է ճաշակով «մոդայով» լինի, - ասաց նա: - Մի քիչ էլ ճաշակով «խուդոժնիկ»:

Ասաց ու այնպիսի ճաշակով «մոդայիկ» դարձրեց իմ բեղերը, որ նրանց թավ խրձերից մնաց միայն մի սև գիծ: Եղինջի թրթուր տեսե՞լ եք, դա Ձեզ օրինակ:

Երբ ետ մղած գլուխս իջեցրի ու նայեցի հայելուն՝ զարհուրեցի: Ես այլևս ես չէի: «Մոդայիկ» ոճաբան - «խուդոժնիկ» ուստայիս խնդրեցի շրթունքիս վրայից անհապաղ հեռացնել այդ սև թրթուրը:

-Ինչի՞, - զարմացավ նա: - Բեղերի վերջին մոդան էդ տեսակ է: Հիմա սաղ Եվրոպան․․․

-Բան չունեմ ասելու, - չուզեցի նշավակել ո՛չ ուստայիս, ո՛չ էլ, մանավանդ, «սաղ Եվրոպան»: - Պարզապես վճռեցի այլևս բեղ չպահել: Հնի մնացուկ է, ավելորդ հոգս ու բեռ:

Վարսավիրանոցից դուրս եկա փշրված սրտով: Իսկ օրը պայծա՜ռ էր, հաճելի՜: Սակայն էլ ի՞նչ հաճույք, երբ վերին շրթունքս կարծես ծածկվում է ասեղներով, կարծես շրթունքս չկա էլ ու ատամներս բաց են»,- հետպատերազմյան դժվարություններին ներքին հումորով ու լավատեսությամբ էր նայում Խանզադյանը:

Ժամանակ էր գտնում շրջելու Հայաստանով մեկ, իր հայրենիքի և ժողովրդի պատմությունը գիտեր ոչ միայն գրքերից, ուսումնասիրում էր, դիտարկում, ոչ մի քարի մոտով անտարբեր չէր անցնում՝ փորձելով կարդալ ու հասկանալ դրանց լեզուն։

Մեր երկու լուսահոգի մեծերի՝ Սերո Խանզադյանի ու Գուսան Աշոտի մեծ բարեկամությունը բոլորին է հայտնի: Խանզադյանը բարձր էր գնահատում գուսանի տաղանդը և բազմիցս գրել-արտահայտվել է նրա մասին՝ համոզված, որ «գուսանը հավերժ կապրի իր գեղեցիկ երկրի ու ծնող մեծ ժողովրդի հետ»:

-Սերո, որ մեռնեմ, ինձ կթաղես ա՜յ էն բարձունքում,-գուսանը, մի օր ձեռքը մեկնելով Թոզ կապի բարձունքը, ուր օրեցօր մեծանում էր քաղաքի նոր գերեզմանատունը, ասում է Սերո Խանզադյանին:

-Դու մեռիր, Աշո՛տ, մենք տեղդ կգտնենք,-կատակում է Սերոն:

Գուսանը, քիչ է ասել նեղանում է, նա պարզապես խռովում ու խոժոռվում է, ուզում է հեռանալ: Սերոն ամուր գրկում է նրան ու լիաթոք ծիծաղում.

-Աշո՛տ ջան, ախր ի՞նչ ես անմիտ-անմիտ խոսում… Դու մահ չունես, դու անմահ ես, հավերժ ես… Մահացողը ես եմ, Սևադան է, Էդիկն է, էն պատի տակ կանգնածներն են… Քո մահը քեզանից փախել է՝ քո հանճարից սարսափած:

Գուսանի մթնած դեմքը պայծառանում է, լայն ժպտում է ու թփթփացնում Խանզադյանի թիկունքին:

«Կարծում եմ՝ իմ ստեղծագործություններում տվել եմ մեր ժողովրդի ապրելու, գոյատևելու համառ կամքը, ձգտումը։ Ես պիտի ապրեմ։ Ինձ սպանել չի լինի»,- համոզված էր գրողը։

Գրողի ձայնը լսելի էր պետական բարձր օղակներում, նրա քաղաքացիական դիրքորոշումը կարող էր վճռորոշ լինել ազգային նշանակության հարցերում: Որպես խորհրդային գաղափարախոսության կրող՝ Խանզադյանը, լինելով նաև ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ, բազմիցս ԽՍՀՄ գրողների պլենումներում, համագումարներում քննադատել է ազգամիջյան հարաբերությունների թնջուկները՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի՝ պատմական հայրենիքին միավորվելու արդար պահանջը:

«Աշխարհում ոչինչ չի սպառվում։ Եթե մեկը գնում է, ապա գալիս է նրա նմանը։ Ձյունը հալչում, ջուր է դառնում, ջուրը՝ նորից ձյուն։ Ոչինչ չի կորչում»,- համոզված էր Խանզադյանը։

Օվսաննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6008

Մեկնաբանություններ